Durov

Ավելորդ սպառումը մարդուն չի երջանկացնում, այլ միայն նոր խնդիրներ է ստեղծում, վստահ է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը: Սակայն կառավարություններն ու կորպորացիաները, ստիպում են մարդկանց ավելի ու ավելի շատ ավելորդ ապրանքներ ու ծառայություններ գնել։

“Մեծ կորպորացիաները խաբում են մեզ մարքեթինգով՝ ստիպելով մտածել, որ բոլոր խնդիրների լուծումը նրանցից ավելի շատ ապրանքներ գնելն է: Իրականում ճիշտ հակառակն է. Պետք է ավելի քիչ սպառել”, – գրել է Դուրովը իր բլոգում: Այս միտումը, նրա խոսքով, համաշխարհային տնտեսական համակարգի մի մասն է, որը շեշտը դնում է ՀՆԱ-ի շարունակական աճի եւ շահույթի մաքսիմալացման վրա:

“Օրինակ, եթե դուք ավելորդ քաշ ունեք, ձեր միջավայրը կլցնեն մարզասրահի կամ սննդային հավելումների աբոնեմենտների գովազդով։ Բայց նիհարելու բանալին քիչ ուտելն է, այլ ոչ նոր կոշիկն ու սպիտակուցային փոշին”, — գրել է Դուրովը։ Դա նաեւ վերաբերում է հակադեպրեսանտներին, որոնք “ժամանակի ընթացքում կորցնում են ազդեցությունն ու կողմնակի բարդություններ են առաջացնում”:

Սթրեսը նվազեցնելու համար Telegram-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս ավելի շատ քնել եւ զբոսնել գիշերները, սոցցանցերում նստելու փոխարեն։

Ըստ Telegram-ի հիմնադիրի՝ ավելորդ սպառման մեկ այլ պատճառ էլ մարդու կենսաբանության մեջ է, “Մարդու ԴՆԹ-ն հնացել է: Այն դադարեց զարգանալ մոտ 10-20 հազար տարի առաջ, երբ մենք դեռ ապրում էինք որսահավաք հավաքողների փոքր համայնքներում: Այն ժամանակ ամեն կտոր քաղցրություն և յուրաքանչյուր փոքր նորություն չափազանց արժեքավոր էր”:

Սակայն հիմա, ըստ գործարարի, մեզ շրջապատում են տոննա էժան շաքարավազ եւ տեղեկատվության առատություն։ Հետեւաբար, ավելի շատ մարդիկ մահանում են ճարպակալումից, քան սովից, եւ ավելի շատ մարդիկ տառապում են տեղեկատվական ծանրաբեռնվածության հետեւանքով առաջացած անհանգստությունից, քան նորությունների բացակայությունից:

Սպառման մշակույթը, ըստ Դուրովի, վնասում է ոչ միայն մարդկանց, այլև մոլորակին: “Ի տարբերություն կորպորատիվ ախորժակների, մեր մոլորակի ռեսուրսները սահմանափակ են: Երբ մենք շարունակում ենք ոչնչացնել մեր բնակավայրերը տնտեսական աճի հավիտենական հետապնդման գործընթացում, աղտոտվածության պատճառով առաջացած հիվանդությունների թիվը շարունակում է աճել”, – գրել է նա:

Երբ Դուրովը 22 տարեկան էր, նրա հաշվին կար 1 միլիոն դոլար, բայց դա նրան ավելի շատ չի երջանկացրել: “Իմ իրական հաջողությունն այն էր, որ ես շատ շուտ հասկացա, որ ամենաարդյունավետ գործունեությունն ինչ որ բաներ ստեղծելն է, այլ ոչ դրանք սպառելը: Ուստի զբոսանավեր, ինքնաթիռներ և թանկարժեք անշարժ գույք գնելու փոխարեն, ես կենտրոնացա այն ամենի վրա, ինչն ինձ ամենից շատ դուր եկավ՝ սոցիալական հարթակներ ստեղծելը”:

Նա իր ամենաարժեքավոր ակտիվն անվանեց ինչ որ բաներ ստեղծելու կարողությունը և ենթադրեց, որ հենց դա է իրեն օգնում հարստանալ:

Դուրովի խոսքով՝ այժմ մարդկային ստեղծագործական հնարավորություններն անվերջ են: “Կարող եք ռոբոտներ հորինել, գեներ խմբագրել, վիրտուալ աշխարհներ ստեղծել”, – թվարկում է ձեռնարկատերը: Նա հույս ունի, որ մի օր մարդկությունը կդադարի “անվերջ սպառման ինքնաոչնչացման ուղուց” և կսկսի ստեղծել “ավելի լավ աշխարհ իրենց և մյուսների համար”:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here