Vietnam War

Վիետնամի պատերազմը ԱՄՆ-ի դեմ սկսվել է 1961թ. և ավարտվել 1975թ. ապրիլի 30-ին: Վիետնամցիներն այն կոչում են Ազատագրական կամ Ամերիկյան պատերազմ, որը ամերիկացիներն իրենց երկրի պատմության ամենամութ էջն են համարում, և որն էլ իր հերթին Վիետնամի պատմության երևի թե ամենահերոսական ու ողբերգական էջն է: Վիետնամական պատերազմը միաժամանակ և քաղաքացիական պատերազմ էր ներսի զանազան քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև զինված պայքար ամերիկյան բռնազավթման դեմ:

Նախ այն մասին, թե ինչպես ամերիկացիները հայտնվեցին Վիետնամում:

1955թ. հետո Ֆրանսիան հեռանում է իր գաղութ Վիետնամից: Այդ ժամանակ Վիետնամը 17-րդ զուգահեռականով արդեն բաժանված էր երկու մասի. հյուսիսային մասը` Վիետնամի Ժողովրդավարական Հանրապետությունը (ՎԺՀ), ղեկավարվում էր Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջնորդ Հո Շի Մինը, իսկ հարավայինը` Վիետնամի Հանրապետությունը, ԱՄՆ դրածո Նգո Դին Զիեմը:

Վիետնամի առնչությամբ Ժնևի համաձայնագրով՝ մասնատված երկրի վերամիավորման նպատակով 1956թ. պետք է հանրաքվե անցկացվեր, սակայն Հարավային Վիետնամի նախագահը հրաժարվում է հանրաքվե անցկացնել իր մասում: Այդ ժամանակ Հո Շի Մինը հարավում ստեղծում է Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատ (ՀՎԱԱՃ)` Նգո Դին Զիեմին գահընկեց անելու և համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար:

Ամերիկացիները ՀՎԱԱՃ-ը և ՎԺՀ-ն անվանում էին Վիետկոնգ, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «վիետնամական կոմունիստ»: ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերում Հարավային Վիետնամին և աստիճանաբար սկսում ներքաշվել պատերազմի մեջ: 1960-ականների սկզբին նա իր զորակազմն է մտցնում Հարավային Վիետնամ` տարեցտարի ավելացնելով թվաքանակը:

Վիետնամական պատերազմում ԱՄՆ դաշնակիցներն էին հարավվիետնամական բանակը, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի զորակազմերը: Մյուս կողմից կռվում էին հյուսիսվիետնամական բանակը և ՀՎԱԱՃ-ը, մասնակցում էին ԽՍՀՄ-ի և Չինաստանի ռազմական մասնագետները: Հետաքրքիրն այն է, որ չնայած այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ու Չինաստանը համարյա թշնամիներ էին, սակայն Հո Շի Մինին հաջողվում է երկուսից էլ օգնություն ստանալ` ցուցաբերելով իր քաղաքական վարպետությունը: Բացի այդ, Հո Շի Մինն ու նրա շրջապատը ինքնուրույն էին մշակում պատերազմ վարելու ռազմավարությունը: Խորհրդային մասնագետները միայն տեխնիկական և կրթական աջակցություն էին ցուցաբերում:

Սկզբում հասարակ ամերիկացիները հավատում էին այս պատերազմին Ամերիկայի մասնակցության արդարությանը` համարելով պայքար ժողովրդավարության համար: Ամերիկյան վարչակազմը բացատրում էր, որ իբր տեղի կունենա «ընկնող դոմինոյի երևույթ», և եթե Հո Շի Մինը գրավի Հարավային Վիետնամը, ապա կոմունիստների վերահսկողության տակ կընկնեն նաև Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրները: Սակայն հետագա դեպքերը ապացուցեցին լրիվ հակառակը:

Ընդհանուր առմամբ, աշխարհի հանրության գնահատականը ամերիկյան ու հարավվիետնամական զորքերի գործողությունների վերաբերյալ խիստ բացասական էր նրանց չափազանց դաժանության համար: Արդեն 1970-ականներին ամերիկյան ԶԼՄ-ները սկսում են գրել պատերազմի աննպատակ և անհեռանկարային լինելու մասին: Շատ զինակոչիկներ փորձում էին խուսափել ծառայությունից:

Ամերիկացիների՝ Վիետնամից հեռանալուց հետո շատ վետերաններ հոգեկան խանգարումներ ստացան՝ տառապելով «agent orange» պարունակող դիօքսինի կիրառման պատճառով առաջացած տարբեր հիվանդություններով։ Տասնյակ հազարավորներ ինքնասպան եղան: Վիետնամում են կռվել ԱՄՆ ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչները` Ջոն Քերրին, Ջոն ՄըքՔեյնը, Ալբերտ Գորը:

ԱՄՆ բանակը Հարավային Վիետնամում երկու լայնածավալ անսովոր գործողություն է իրականացրել: «Հռոմեական գութան» գործողության ժամանակ օգտագործվել է հատուկ դանակներով 200 բուլդոզեր, որոնց միջոցով քանդվել է հողի բերքատու շերտը, իսկ «Ֆերմերի ձեռք» գործողության ժամանակ փոշեցրվել է 90 հազար տոննա հերբիցիդ, ինչի հետևանքով 65 հազար քառ.կմ տարածքում ոչնչացվել է ողջ բուսականությունը և հանվել բնահողի վերին շերտը: «Եղանակային պատերազմի» «Սպանախ» գործողության ժամանակ ամերիկացիները ամպերում ցրիվ են տվել արծաթի յոդիդի 47 409 կոնտեյներ, ինչի հետևանքով հորդառատ անձրևներ են տեղացել, և գետերի մակարդակը աննախադեպ բարձրացել է:

Վիետնամի պատերազմում օգտագործված քիմիական նյութերից ամենաահավորը նապալմը և դիօքսինն են եղել: Նապալմը դոնդողաձև բենզին է, որն օգտագործվում է հրդեհող ռումբերի և կրականետների մեջ: Քիմիական նյութերի միջոցով ամերիկացիները ջունգլիների տերևածածկույթն էին ոչնչացնում` ՀՎԱԱՃ ջոկատներին հայտնաբերելու համար, իսկ նապալմով ոչնչացնում էին իրենց հակառակորդի կենդանի ուժը: Վիետնամը քիմիական զենքի կիրառումից ավելի շատ է վնասվել, քան աշխարհի որևէ այլ երկիր: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, պատերազմի ընթացքում ամերիկացիները Հարավային Վիետնամի տարածքի 10%-ում փոշեցրել են 72մլն լիտր «Agent Orange» կոչվող նյութ, այդ թվում` 44մլն լիտր դիօքսին պարունակող:

Վիետնամցիների գործողության ճանապարհը հայտնի է որպես Հո Շի Մինի արահետ, որը հիմնականում քողարկված նեղ գրունտային ճանապարհների համակարգ էր` ազգային ճակատի ջոկատներին զենքով, սննդով, վառելիքով ապահովելու համար: Սկզբնական շրջանում Հո Շի Մինի արահետով բեռնակիրների հոսք էր գնում, որոնք ոչ միայն թեթև զենք էին տանում, այլև հրետանու քանդած մասեր, ականանետներ: Այնուհետև սկսեցին օգտագործել ձեռնասուն փղեր, իսկ ավելի ուշ` հեծանիվներ (մեկ հեծանիվի վրա կարող էին տեղափոխել մինչև 300-350կգ բեռ), մեքենաներ և տանկեր: 1965թ. Արահետն արդեն մի քանի զուգահեռ ճանապարհների համակարգ էր` կամուրջներով, գետանցներով, ինքնաթիռներից ոչ տեսանելի ծանծաղուտներով, ստեղծված էր հեռախոսակապ 6000 բաժանորդի համար:

Հասկանալով արահետի ռազմավարական նշանակությունը` ամերիկյան զորակազմի հրամանատարությունն իր ամենագլխավոր նպատակն էր համարում դրա ոչնչացումը: Ամերիկյան օդաչու-հետախույզներն ու ուղղաթիռները շուրջօրյա կատարել են 800 հազար թռիչք՝ նետելով 3մլն տոննա ռումբ, ճանապարհով շարժվող բեռնատարների շարժումը գրանցող սեյսմիկ տվիչներ, ինչպես նաև գնդային, մագնիսային և բեկորային ռումբեր: 1975թ. սկզբին արդեն ավարտվել էր դեպի Հարավ տանող նավթատարի կառուցումը` մարտական մեքենաներին արագ վառելիք մատակարարելու համար: Անտարակույս, Հո Շի Մինի արահետը պատերազմների պատմության մեջ կմտնի որպես երկարատև ռազմական գործողություններ վարելու տաղանդավոր օրինակ:

Ներկայումս Արահետի որոշ մասեր տեսարժան վայր են զբոսաշրջիկների համար, մյուսներն օգտագործվում են որպես ավտոճանապարհներ, իսկ մնացյալը նորից պատվել է ջունգլիներով:

Ի դեպ, եղել է նաև Հո Շի Մինի ծովային արահետ, որով պարտիզանների համար զենք, զինամթերք և զինվորական տեխնիկա էր ուղարկվում Հարավ: Հատուկ ստեղծված առանձին նավատորմը ոչ միայն բեռներ էր տեղափոխում, այլև մասնակցում էր կղզիների ազատագրմանը և նույնիսկ բանտից փախուստի դիմած քաղբանտարկյալների տեղափոխմանը: Այդ նավերի վրա թիվ, անվանում չէր գրվում, դրանց որոշ մասին էլ նույնիսկ օտարերկրյա նավերի տեսք էր տրվում:

2006թ. դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է իշխանությունների պատասխանատվությունը Վիետնամում քիմիական նյութերի կիրառման հետևանքների համար:

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՄՆ ընդհանուր մարտական կորուստները` 47 378 մարդ, ոչ մարտականը` 10 799, վիրավոր` 153 303, անհետ կորած` 2300:

Խփվել է ԱՄՆ օդուժի մոտ 5000 ինքնաթիռ:

Վիետնամի ժողովրդական բանակի և պարտիզանների մարտական կորուստները` 1մլն 100 հազար, քաղաքացիական բնակչության կորուստները` ավելի քան 3մլն:

Պայթեցվել է 14մլն տոննա պայթուցիկ նյութ, ինչը մի քանի անգամ ավելի է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր մարտական գործողություններինը միասին վերցրած:

ԱՄՆ ֆինանսական ծախսերը` 350մլրդ դոլար (համարժեք է ներկայիս 1տրլն դոլարին):

Չինաստանի ռազմատնտեսական օգնությունը Վիետնամին կազմել է 14-21մլրդ դոլար, ԽՍՀՄ-ինը` 8-15մլրդ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here