Volvo

Volvo Cars-ը պաշտոնապես հայտարարել է, որ այժմ Volvo-ի նոր մեքենաները կթողարկվեն 180 կմ/ժ առավելագույն արագության սահմանաչափով։ Ընկերությունը պնդում է, որ այս միջոցը կոչված է նվազեցնելու լուրջ ՃՏՊ-ների հետեւանքների ծանրությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում, ՃՏՊ-ների հետևանքով տարեկան մահանում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Օրինակ՝ 2018 թվականին, այդ թիվը կազմել է 1,35 միլիոն: Հայաստանում՝ 2018-ին հաշվառվել է 4111 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 343, մարմնական վնասվածքներ ստացել` 5950 մարդ: Իսկ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Իսկ Ռուսաստանում՝ 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 16,9 հազար մարդ Է զոհվել, որոնցից գրեթե հինգ հազարը՝ հետիոտներ:


ՃՏՊ-ների հետևանքները (վնասվածքների ծանրությունը և գույքի վնասումը) կախված են բազմաթիվ պատճառներից, բայց արագությունը ամենակարևորներից մեկն է: Այն փաստը, որ արագության սահմանը վերահսկելը իսկապես օգնում է ճանապարհներն ավելի անվտանգ դարձնելուն, հայտնի է վաղուց: Միևնույն ժամանակ, վարորդները հաճախ են գերազանցում սահմանված արագության սահմանները՝ օգտագործելով իրենց սեփական փորձը որպես չափանիշ: Բարձր արագությամբ, սակայն, մեքենայի վարքագիծը կարող է էականորեն տարբերվել սովորական վարելուց, և ոչ բոլոր վարորդներն են կարողանում վերահսկել մեքենայի կառավարումը՝ նույնիսկ դատարկ ճանապարհի վրա:

Պատահարների և ավտովթարների հետևանքները նվազեցնելու համար Volvo Cars-ը դեռ 2019 թվականին հայտարարեց, որ նախատեսում է սահմանափակել նոր մեքենաների արագությունը: Այժմ ընկերությունը պաշտոնապես հայտարարեց այդ սահմանափակումների ներդրման մասին։ Այսինքն բոլոր նոր Volvo մեքենաները չեն կարողանա զարգացնել ժամում 180 կմ-ից ավել արագություն և հագեցած կլինեն Care Key համակարգով, որը թույլ կտա ավտոմեքենայի սեփականատիրոջը ինքնուրույն սահմանել արագության լրացուցիչ սահմանափակում:

“Հիմնական խնդիրն այն է, որ որոշակի արագությունների գերազանցման դեպքում, անվտանգության տեխնոլոգիաները, որոնցով հագեցած Է մեքենան, ինչպես նաեւ մտածված ենթակառուցվածքային լուծումները՝ այլեւս ի վիճակի չեն լինի կանխելու լուրջ վնասվածքներն ու մահացու ելքերը ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում”,-ասված է ընկերության կայքում:

Հարկ է նշել, որ այդ սահմանափակումները չեն վերաբերում Volvo բեռնատար մեքենաներին, քանի որ դրանք թողարկում է շվեդական Volvo Group ավտոկոնցեռնը ։ Իսկ Volvo ապրանքանիշի ներքո մարդատար ավտոմեքենաների թողարկմամբ զբաղվում է Volvo Cars-ը, որը 2010 թվականից չի մտնում Volvo Group-ի մեջ եւ այժմ պատկանում է Geely Automobile հոլդինգին:

Բացի արագության գերազանցումից, երբեմն օգտագործվում են նաեւ շարժման նվազագույն արագությունը սահմանող նշաններ, եւ դրանց նույնպես պետք է ուշադրություն դարձնել: Քանի որ, Google-ի անվարորդ մեքենայի վաղ նախատիպերից մեկը մի օր գրեթե տուգանվեց չափազանց ցածր արագության համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here