Trump-XI

Financial Times-ի սյունակագիր Մարտին Վոլֆը (Martin Wolf) իր խմբագրական հոդվածում վերլուծում է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի խորացող հակամարտությունը։ «Համաճարակի դեմն առնելու համար Չինաստանն ու ԱՄՆ-ը ոչ միայն պետք է գործեն: Նրանք պետք է գործեն միասին»,- գրում է նա։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Պատմությունը նոր թափ է առնում ճգնաժամերի ժամանակ: Այս համաճարակը գուցե ինքնին չվերափոխի աշխարհը, բայց կարող է արագացնել արդեն իսկ տեղի ունեցող փոփոխությունները: Շարունակվող փոփոխություններից մեկն էլ եղել է Չինաստանի՝ խոյացող գերտերության և ԱՄՆ-ի՝ գործող գերտերության հարաբերություններում: Գերտերություն լինելու համար էականը միայն բիրտ ուժը չէ, այլ ունակ և պարկեշտ առաջնորդությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում և Սառը պատերազմում տարած հաղթանակներից հետո ԱՄՆ-ն այդպիսի առաջնորդ էր: Չնայած տնտեսական հզորության աճին՝ Չինաստանն այդպիսին չէ: Բայց ժամանակները կարող են փոխվել: 

Կորոնավիրուսը կարող է արագացնել գործընթացը: Սինգապուրցի նախկին դիվանագետ Քիշոր Մահբուբանին երկու գերտերությունների միջև առաջնահերթության պայքարին նվիրված իր գրքում հարց է առաջ քաշում. հաղթե՞լ է արդյոք Չինաստանը: Այդպիսին է գրքի ավանումը։ Պատասխանն ինչպես ենթադրում է նա՝ դեռ ոչ: Բայց կարող է: Եվ դա ոչ միայն նրա մասշտաբի, այլև ամերիկյան սխալների պատճառով, որոնց թվում է չինական իրականության թյուրընկալումը:

Գերտերություն լինելու համար էականը միայն բիրտ ուժը չէ, այլ ունակ և պարկեշտ առաջնորդությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում և Սառը պատերազմում տարած հաղթանակներից հետո ԱՄՆ-ն այդպիսի առաջնորդ էր: Չնայած տնտեսական հզորության աճին՝ Չինաստանն այդպիսին չէ: Բայց ժամանակները կարող են փոխվել

Թերևս նրա վերլուծությունից բխող ամենակարևոր եզրակացությունն այն է, որ գլոբալ ազդեցությունը հիմնականում բխում է սեփական ընտրությունից: Չինաստանը և ԱՄՆ-ը երկուսն էլ մեծ սխալներ են թույլ տվել: Բայց ԱՄՆ-ի՝ երկրում համընդհանուր բարեկեցություն ապահովելու անկարողությունը և ռազմատենչ նկրտումները երկրից դուրս հսկայական հարված են հասցնում նրա հեղինակությանը: Արդյունքներից մեկը ոչ ունակ անձի աղետալի նախագահությունն է:

Այժմ եկել է վիրուսը, իրավիճակ, որը չի դիտարկվում այդ գրքում: Այն վառ լույս է սփռում գերտերությունների հմտության և պարկեշտության վրա, ԵՄ համերաշխության (կամ դրա բացակայության), պետությունների արդյունավետության, համաշխարհային ֆինանսների խոցելիության և գլոբալ համագործակցության կարողությունների վրա: Այս ամենում ԱՄՆ-ի և Չինաստանի քայլերը գերակա նշանակություն ունեն: Իսկ ի՞նչ դասեր ենք քաղել մենք։

Կորոնավիրուսը, որը սոցիալական ու տնտեսական այսպիսի քաոս է առաջացնում, ինչպես հայտնի է, առաջացել է Չինաստանի Հուբեյ նահանգում: Դրա մասին քիչ կասկած կա: Ըստ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի՝ այն ծագել է չղջիկներից: Տեղի իշխանությունները անպատասխանատու և աղետալի կերպով խլացրին վարակի մասին լուրերը, ինչի արդյունքում առնվազն երեք շաբաթ ուշացում եղավ վիրուսին անհապաղ արձագանքի հարցում: Դրա հետևանքով այն տարածվեց աշխարհով մեկ: Դրանից հետո, սակայն, Չինաստանը ձեռնարկեց խիստ գործողություններ՝ Հուբեյում վերահսկողության տակ առնելով հիվանդությունը և դադարեցնելով դրա տարածումը ամբողջ երկրում: Բնակչության թվի տոկոսայնությամբ՝ Չինաստանի մահացության մակարդակը շատ ցածր է եղել: Թե՛ վատ լուրերի նախնական ճնշումը և թե՛ արձագանքման մասշտաբները ռեպրեսիվ, բայց արդյունավետ պետության բնութագրիչ են: 

Վիրուսին արդյունավետ արձագանքը Չինաստանին հաջողվեց հսկայական տնտեսական կորուստների գնով, սակայն պետությունը գործատուներին խրախուսել է պահպանել իրենց աշխատակիցներին՝ միաժամանակ աջակցություն ցուցաբերելով ձեռնարկություններին: Քաղաքային գործազրկության պաշտոնական մակարդակը շատ քիչ է աճել: Տուժողների ամենամեծ խումբը, ինչպես միշտ, եղան աշխատանքային միգրանտները: Չինաստանն այժմ կարող է վերաբացել տնտեսությունը, չնայած հիվանդության երկրորդ ալիքի վտանգը դեռ մնում է։ 

ԱՄՆ-ը ևս ունեցել է ժխտողականության իր սեփական պահերը՝ սկսած հենց նախագահ Դոնալդ Թրամփից, և ինչպես Մեծ Բրիտանիան, խայտառակ կերպով հսկայական ձախողումներ է թույլ տվել լայնածավալ թեստավորում կատարելու և առողջապահական համակարգին սարքավորումներով ապահովելու հարցերում: Վարակը սարսափելի արագությամբ է տարածվում ամբողջ երկրում, և կարող էր շատ ավելի վատ լինել։ Իտալիան և Իսպանիան վառ օրինակ են, թե որքան վատ կարող էր լինել։ ԱՄՆ-ը, ինչպես և մյուս բարձր եկամուտ ունեցող երկրները, այժմ արձագանքել են «սոցիալական հեռավորություն» պահպանելու կոչով, որը Թրամփը դժկամորեն է երկարաձգել, և երկու տրիլիոն դոլարի հարկաբյուջետային փաթեթով: Նյու Յորքի համալսարանից Ռոման Ֆրիդմանը պնդում է, որ սա ոչ այնքան մեծ գումար է՝ հաշվի առնելով ամերիկյան տնտեսության մասշտաբները, ոչ էլ լավ թիրախավորված է. այս գումարի միայն 20-րդ մասն է ուղղվելու հիվանդանոցներին:

Չնայած պոպուլիստական ավտոկրատիայի գլոբալ վերելքին՝ ժողովրդավարության և անհատի ազատության ամերիկյան հիմնարար սկզբունքները շարունակում են աշխարհում գրավիչ մնալ շատերի համար: ԱՄՆ-ի մասնավոր տնտեսության եռանդը դեռ կարող է փրկել բոլորիս: Բայց այսօր ԱՄՆ-ը կորցնում է իր հեղինակությունը տարրական հմտություն պահանջող հարցերում, ինչն արդեն իսկ հարվածներ էր կրել ապարդյուն պատերազմների երկար ցուցակի և 2007-09 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով: Պետական որոշ ինստիտուտներ, մասնավորապես՝ Դաշնային պահուստային համակարգը, առայժմ մնում են արդյունավետ, չնայած ո՞վ գիտի, թե ինչ կլինի Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի դեպքում։

Բայց շատ հաճախ չսիրված, սակայն յուրաքանչյուր բարդ քաղաքակրթության միջնաբերդ հանդիսացող «վարչարար պետության» հիմնարար կարողություններն իրոք էական են: Ճգնաժամային նման պահերին դրա բացակայությունը ճակատագրական է լինում: Այս համաճարակը նաև բարոյական գլոբալ մարտահրավեր է: Անհրաժեշտ է կանխարգելել  հիվանդության տարածումը, կառավարել ֆինանսական ցնցումները, կայունացնել տնտեսությունը և օգնել տկարներին: ԱՄՆ-ը պետք է մեծ դեր խաղա: Այդ դերն այլընտրանք չունի։

Սա մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ոչ ոք զերծ չէ համաճարակից։ Ինչպես Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունն է պնդում․ «Այս ճգնաժամից դուրս գալու համար պետք է ծնվեն միջազգային ճարտարապետության և գլոբալ համագործակցության միանգամայն նոր մակարդակի բարեփոխումներ»:  

Տե՛ս նաև՝ Ճգնաժամից դուրս գալու համար պետք է ծնվեն միջազգային ճարտարապետության բարեփոխումները․ Գորդոն Բրաուն

Եթե այդպես է լինելու, ապա որոշ պետություններ պետք է առաջնորդեն: Ցանկացած գլոբալ հասարակարգ հենվում է հզոր պետությունների միջև համագործակցության վրա: Չինաստանը և ԱՄՆ-ը ոչ միայն պետք է գործեն: Նրանք պետք է գործեն միասին՝ հասկանալով իրենց կիսած բազմաթիվ շահերի ընդհանրությունն ու միևնույն ժամանակ հանդուրժելով դրանց խորքային տարբերությունները: Եթե ոչ մենք, ապա ո՞վ: Եվ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ The tragedy of two failing superpowers

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here